top of page
Search
  • Arevik Hayrapetyan

Վիշտ. ինչպե՞ս հաղթահարել կորստի ցավը

Կորուստներ պատերազմում


Յուրաքանչյուր կորուստ բոլորիս կորուստն է


Ցավոք պատերազմը շարունակվում է, իսկ կորուստները` գնալով մեծանում: Կան շատ մարդիկ, ովքեր պատերազմի ընթացքում կորցրել են հարազատ մարդկանց ու հիմա վշտի մեջ են: Բայց նույնիսկ նրանք, ովքեր հարազատ մարդ չեն կորցրել այս պատերազմում, ևս զգում են վիշտ ու ցավ. չէ՞ որ յուրաքանչյուր կորուստ բոլորիս կորուստն է: Ահա թե ինչու կարևոր համարեցի նկարահանել տեսանյութ՝ օգնելու մարդկանց իրենց վշտի հաղթահարման պրոցեսում:

Վշտի մասին


Մինչև բուն թեմային անդրադառնալը կարևոր է փաստել, որ չկա ճիշտ կամ սխալ ձև վիշտ զգալու կամ սգալու համար: Ոչ մեկ իրավունք չունի Ձեզ ասելու, թե Դուք ինչ պետք է զգաք կամ ինչ չպետք է զգաք այս պրոցեսում: Ոչ մեկ իրավունք չունի ասելու, թե Դուք ինչ պետք է անեք և ինչ չպետք է անեք այս փուլում: Ոչ մեկ իրավունք չունի ասելու, թե ինչպես պետք է սգալ կամ ինչպես չպետք է սգալ: Այս տեսանյութը մինչև վերջ նայեք միայն այն դեպքում, եթե իսկապես պատրաստ եք ընդունել օգնություն ու ցանկանում եք լսել խորհուրդներ, որոնք գուցե օգտակար լինեն Ձեզ համար՝ Ձեր վիշտ հաղթահարելու պրոցեսում:


Կորստի ցավի մասին


Հարազատ մարդու կորուստը իր հետ բերում է հսկայական ցավ, և այդ ցավը պետք է ապրել: Այդ ցավը պետք է ապրվի Ձեր մեջ ու Ձեր կողմից այնքան ժամանակ, որքան այդ ցավը կա ու այնպիսի ուժգնությամբ, ինչպիսին այն կա: Շատ կարևոր է հասկանալ, որ ցավը հաղթահարելու ճանապարհն անցնում է հենց ցավի միջով: Սա նշանակում է, որ Դուք պետք է թույլ տաք Ձեզ գզալու այն ցավը, որ կա Ձեր ներսում, անկախ նրանից, որքան մեծ է այն, որքան անհատակ է այն թվում, ու նույնիսկ երբ թվում է՝ այն երբեք չի սպառվի, չի ավարտվի:


Ի՞նչ անել ցավի հետ


Ցավի հաղթահարման ճանապարհը


Վիշտը հաղթահարելու ամենակարևոր քայլերից մեկն է չճնշել այն ցավը, որը զգում եք, չփորձել ազատվել այդ ցավից, չփորձել բթացնել Ձեր զգայարանները, փոխարենը հնարավորություն տալ Ձեզ, թույլ տալ Ձեզ ընդունել այն ցավը, որ առաջ է եկել Ձեր մեջ ու լինել այդ ցավի հետ ու այդ ցավի մեջ, որքան էլ դա դժվար լինի Ձեզ համար: Եթե փորձեք դեն նետել ցավը, այն չի անհետանալու, այն շարունակելու է Ձեզ ցավ պատճառել ու շատ ավելի խորը ձևերով: Ձեզ հնարավորություն տալով լինել Ձեր ցավի ու վշտի հետ՝ Դուք հնարավորություն եք տալիս Ձեզ բժշկելու այդ ցավը:


Տվե՛ք Ձեզ ժամանակ ու հնարավորություն զգալու Ձեր ցավն ու վիշտը, մի՛ ձևացրեք, թե իբր ցավ չեք զգում: Սա հատկապես վերաբերում է տղամարդկանց, ում վրա հաճախ շրջապատի կողմից կա այն ճնշումը, որ տղամարդը պետք է ուժեղ լինի և չպետք է լաց լինի: Մի՛ զսպեք Ձեր արցունքները, լա՛ց եղեք այնքան, որքան դրա կարիքը ունեք, թու՛յլ տվեք Ձեր մեջ կուտակված էմոցիաներին դուրս գալու, արտահայտվելու:


Վախեր ապագայի նկատմամբ


Հարկ է հասկանալ, որ հարազատին կորցնելը կարող է առաջ բերել անսահման անզորության զգացողություն. ասես փուլ է եկել այն ամուր հատակը, որի վրա կանգնած էիք: Այդ անզորությունը բխում է նաև անորոշությունից ու ապագայի նկատմամբ վախերից առ այն, թե ինչպես եք կարողանալու շարունակել Ձեր կյանքն առանց այն մարդու, ով ընդամենը մի քանի օր առաջ Ձեր կյանքի առանցքային մասն էր կազմում:


Նման իրավիճակում պետք չէ ակնկալել, որ Դուք միանգամից ունենալու եք բոլոր հարցերի պատասխանները: Փոխարենը պատրա՛ստ եղեք նրան, որ անորոշությունը ուղեկցելու է Ձեզ, ու Ձեզ կարող է թվալ, թե վիշտը երբեք չի վերջանա ու Ձեր կյանքն այլևս երբեք նույնը չի լինի:


Հիշե՛ք, որ Ձեր բոլոր մտքերն ու էմոցիաները միանգամայն ադեկվատ են. նույնիսկ այն, որ չեք ուզում ապրել, դա էլ է միանգամայն ադեկվատ հոգեվիճակ: Ասածս այն չէ, որ «այո՛, Ձեր ապրելն անիմաստ է», այլ այն, որ լինելով նման հոգեվիճակում, նորմալ է նման մտքեր ունենալը: Դուք չպետք է ընդունեք այդ մտքերը որպես բացարձակ ճշմարտություն, պարզապես իմացե՛ք, որ նորմալ է, որ այս փուլում Ձեզ այցի են գալիս նման մտքեր:


Հոգեբանական աջակցություն


Մեկ այլ կարևոր դիտարկում. մարդու ցավը, որքան էլ այն խորը լինի, դառնում է շատ ավելի տանելի, երբ մարդը զգում է, որ ինքը մենակ չէ իր ցավի մեջ ու ունի աջակցություն շրջապատի մարդկանց կողմից: Ահա, թե ինչու անպայման թու՛յլ տվեք մարդկանց օգնել ու աջակցել Ձեզ, անպայման խոսե՛ք Ձեր ցավի ու ապրումների մասին, կիսվե՛ք Ձեր ցավով այլ մարդկանց հետ, ուղղակի խոսեք նրանց հետ:


Օգնությու՛ն խնդրեք այլ մարդկանցից, թու՛յլ տվեք շրջապատի մարդկանց հոգ տանել Ձեր մասին: Հատկապես երբ էմոցիաները շատ են, ու Ձեզ թվում է, թե խեղդվում եք այդ էմոցիաների հորձանուտում, հիշե՛ք, որ Դուք պարտավոր չեք միայնակ լինել այդ էմոցիաների հետ, և այլ մարդկանց հետ լինելը կօգնի Ձեզ առավել տանելի դարձնել այդ էմոցիաների հոսքը:


Հոգ տանել Ձեր մասին


Ինքներդ Ձեր մասին հոգ տանելը անչափ կարևոր է այս փուլում: Ձեր սիրելի մարդուն կորցնելով՝ Ձեր ամբողջ օրգանիզմն է սթրեսի ենթարկվել, Դուք հյուծվել եք, չունեք այն էներգիան, որը Ձեզ անհրաժեշտ է առօրյայում նորմալ գործելու համար: Վշտի ժամանակ Դուք գուցե մտածեք՝ ինչպե՞ս եք ապրելու առանց Ձեր սիրելի մարդու, առանց նրա թև ու թիկունքի, գուցե սկսեք վախեր ունենալ ապագայի նկատմամբ: Ահա թե ինչու այդքան կարևոր է, որ այս փուլում Դուք փորձեք կենտրոնանալ ամեն օր հենց այդ օրը ապրելու վրա:


Փոքրիկ քայլերի արվեստը


Անչափ կարևոր է մտածել այն մասին, թե ինչպես կարող եք անցկացնել տվյալ օրը: Եթե այդ օրն էլ է դժվար թվում ապրելու համար, մտածեք՝ ինչպես կարող եք ապրել առավոտից մինչև կեսօր, եթե դա է անհնար թվում, ինչպես կարող եք ապրել առաջիկա մեկ ժամը: Ինչ-որ դեպքերում Դուք ուղղակի պետք է սովորեք ապրել պահ առ պահ: Կենտրոնացե՛ք նրա վրա, թե ինչ եք զգում հիմա, առանց մտածելու թե հաջորդ րոպեն որքան ծանր է լինելու: Մի՛ ունեցեք սպասումներ ու ակնկալիքներ, թե ինչպիսինը պետք է լինի հաջորդ րոպեն, պարզապես թու՛յլ տվեք Ձեզ ամեն պահի զգալու Ձեր էմոցիաները:


Ինչի՞ կարիքն ունեք այս պահին


Անընդհատ հարցրեք Ձեզ՝ ինչի կարիք ունեք տվյալ պահին կամ ինչ պետք է անեք, որ հոգ տանեք Ձեր մասին հենց հիմա: Գուցե կարիք ունեք քնելու, գուցե կարիք ունեք տաք թեյ խմելու, գուցե կարիք ունեք սենյակից դուրս գալու և խոհանոցի պատուհանի մոտ կագնելու, գուցե կարիք ունեք տաք լոգանք ընդունելու: Փորձե՛ք կենտրոնանալ ամենափոքր քայլերի վրա, որոնք հնարավոր են Ձեզ համար: Օրինակ եթե ընդհանրապես ցանկություն չունեք լոգանք ընդունելու, մի՛ մտածեք ամբողջ պրոցեսի մասին, փոխարենը փորձե՛ք կենտրոնանալ միայն վեր կենալու, հետո միայն սրբիչը վերցնելու, հետո միայն Ձեր հագուստը հանելու և նման փոքրիկ քայլերի վրա, որոնք մեկը մյուսի հետևից կօգնեն Ձեզ անել այն, ինչի կարիքը ունեք:


Ձեր մարմնի մասին հոգ տանելը ևս անչափ կարևոր է, հատկապես այս փուլում: Չեմ ասում, որ ամեն օր գնաք մարզասրահ, բայց կարող եք թեկուզ 30 րոպեով գնալ զբոսնելու և արևի տակ լինելու: Դա չի բուժի Ձեր բոլոր վերքերը, բայց հաստատ կօգնի Ձեզ հոգ տանել Ձեր հոգեկան առողջության մասին: Որքան էլ որ չեք ուզում ոչինչ անել, հիշեցրե՛ք Ձեզ, որ Ձեր հարազատը հաստատ կցանկանար, որ Դուք Ձեր մասին հոգ տանեիք: Այսինքն՝ Ձեր մասին հնարավորինս հոգ տանելով՝ Դուք նաև հարգում եք այդ մարդու հիշատակը:


Վշտի հաղթահարումը պրոցես է


Շատ կարևոր է հասկանալ, որ վշտի հաղթահարումը պրոցես է, և այն չպետք է շտապեցնել: Յուրաքանչյուր անհատի մոտ այս պրոցեսը յուրովի է տեղի ունենում: Մեկի մոտ այն կարող է շատ ավելի երկար տևել, քան մյուսի մոտ, ու դրանում ոչ մի «սխալ» կամ «վատ» բան չկա: Այս պրոցեսը լի է վայրիվերումներով, հատկապես անկանխատեսելի վայրիվերումներով, օրինակ՝ Դուք ինչ-որ պահի կարող եք Ձեզ շատ լավ զգալ ու մտածել, որ արդեն հաղթահարել եք Ձեր վիշտը, բայց որոշ ժամանակ հետո նորից խորը ցավ ապրեք, ու Ձեզ թվա, որ Ձեզ երբեք չի հաջողվի հաղթահարել Ձեր վիշտը: Բայց դա, իհարկե, այդպես չէ:


Ինչպե՞ս օգնել ընկերոջդ, ով վշտի մեջ է


Գրեթե բոլոր մարդիկ ի սրտե ցանկանում են օգտակար լինել իրենց հարազատին, ով վշտի մեջ է: Հաճախ, սակայն, կարող է այնպես պատահել, որ նույնիսկ լավ մտադրություն ունենալով՝ Դուք կարող եք վնաս տալ այն մարդուն, ում ի սրտե ցանկանում եք օգնել, եթե նրբանկատ մոտեցում չցուցաբերեք:

Վիշտը խնդիր չէ, որը պետք է լուծել


Շատ կարևոր է հասկանալ, որ երբ Ձեր ընկերը վշտի մեջ է, Դուք չպետք է վերաբերվեք այդ իրավիճակին՝ որպես խնդիր, որը պետք է լուծել: Որքան էլ որ դրական ու բարի լինեն Ձեր մտադրությունները, Դուք պետք է հասկանաք, որ այդ մարդը վշտի մեջ է, նրա ամբողջ իրականությունը լցված է ցավով ու հուսահատությամբ: Դուք չեք կարող բժշկել այդ մարդու ցավը՝ փորձելով այդ ցավը նրանից վերցնել: Դուք չեք կարող իրավիճակը փոխել, Դուք նաև չեք կարող ու չպետք է փորձեք փոխել այդ մարդու զգացմունքները, վերահսկել նրա ապրումները: Երբ Ձեր ընկերոջ վերքը թարմ է, Դուք չպետք է փորձեք խորհուրդներ տալով սփոփել նրան, փոքրացնել նրա վիշտը կամ լավատեսություն սերմանել այդ մարդու մեջ: Այդ պահին, նա կարիք չունի դրական խոսքեր լսելու:


Լինել ընկերոջդ կողքին, լսել և չդատել


Միակ բանը, որ այդ մարդուն հետաքրքրում է, այն իրականությունն է, որ ինքը ցավ է զգում: Միակ բանը, որի կարիքն այդ մարդն ունի այն է, որ շրջապատի մարդիկ տեսնեն ու ընդունեն իր ցավը ու պարզապես լինեն իր կողքին, երբ նա զգում է այդ ցավը: Լինել մարդու կողքին նշանակում է ստեղծել այդ մարդու համար ապահով միջավայր ու թույլ տալ այդ մարդուն վշտանալ, արտասվել, բողոքել, բարկանալ, ասել այն, ինչ նա ներքուստ զգում է՝ առանց նրան դատելու, առանց պիտակներ կպցնելու: Դուք կարիք չունեք պատասխան տալու նրա ասածներին, միանգամայն նորմալ է, որ Դուք այդ պատասխանները չունեք: Եթե չգիտեք՝ ինչ ասել, հենց այդպես էլ ասեք. «Չգիտեմ՝ ինչ ասել, ուղղակի իմացի՛ր, որ ես քո կողքին եմ»: Պարզապես թու՛յլ տվեք այդ մարդուն խոսել, լսե՛ք նրան ու լռության մեջ նստե՛ք նրա հետ: Ներկայությունը, այդ մարդու ձեռքը բռնելը անսահման կարևոր է, երբեմն ավելի կարևոր, քան բառերը:


Դուք պետք է լինեք այդ մարդու հետ այնտեղ, որտեղ նա հոգեպես գտնվում է տվյալ պահին, այլ ոչ թե այնտեղ, որտեղ Դուք եք ուզում, որ նա լինի: Գուցե նա մի օր լինի այնտեղ, որտեղ Դուք ուզում եք, որ նա լինի, բայց պետք է ընդունեք, որ նա դեռ այդտեղ չէ: Որպեսզի կարողանաս մարդուն օգնել, պետք է պատրաստակամ լինես ընդունել դիմացինի ցավը այնպես, ինչպես նա է այդ ցավը զգում: Երբ մարդը ցավի մեջ է, իսկ նրան ասում են. «պետք չէ լինել ցավի մեջ» կամ խորհուրդներ են տալիս ցավից ազատվելու համար, անհատը իրեն չհասկացված է զգում, այլ ոչ թե աջակցված: Կարող եք ասել. «Ցավում եմ, որ նման բանի միջով ես անցնում, կուզե՞ս պատմել քո զգացմունքների մասին» ու ստեղծել այդ մարդու համար ապահով միջավայր, որտեղ ինքն իրեն քննադատված չի զգա:


Անթույլատրելի արտահայտություններ


Անթույլատրելի են հետևյալ արտահայտությունները՝ «Ինչու՞ ես շարունակ լաց լինում, մեկ է՝ լացելով ոչ մեկին հետ չես բերի», «Դու պետք է ուժեղ լինես ընտանիքիդ մյուս անդամների համար», «Ուժե՛ղ եղիր» կամ «Նրա ժամանակը եկել էր»: Պետք չէ մարդուն քաջալերել, պետք չէ հույս տալ, պետք չէ ասել՝ ինչի համար է զոհվել իր հարազատը:

Մի՛ փորձեք մարդուն ստիպել, որ նա մտածի, թե իր վիշտն ամենամեծը չէ: Լավատես ու երախտապարտ լինելը անչափ կարևոր է, բայց նման խոսքեր ասելով՝ Դուք կարող եք մարդու բաց վերքի վրա աղ լցնել:


Օգնության մասին


Եթե այդ մարդը չի ուզում Ձեր ներկայությունը, խնդրում է, որ իրեն մենակ թողնեք, փորձե՛ք ըմբռնումով մոտենալ նրան, միայն թե ասե՛ք, որ նրա կողքին եք, որ նա կարող է Ձեզ զանգահարել, երբ Ձեր կարիքն ունենա, որ պատրաստ եք ուղղակի լինել նրա հետ, պարզապես նրա ձեռքը բռնել: Թեև ասել եք, որ այդ մարդը կարող է ցանկացած պահի Ձեզ զանգել, իմացե՛ք, որ վշտացած մարդը հակված չէ քայլեր անել, նույնիսկ երբ նա դրա կարիքն ունի: Ահա թե ինչու ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է գրել-հարցնել, թե նա ինչպես է, կարող եք նաև զանգել կամ այցելել նրան:


Այդ մարդուն Ձեր օգնությունը առաջարկելու հետ մեկտեղ արե՛ք պրակտիկ քայլեր նրա համար՝ գուցե օգնեք խնամել երեխաներին, գուցե օգնեք մաքրել ու կարգի բերել տունը, լվացք անել կամ նրա հետ գնալ զբոսանքի, առևտուր անել նրա համար: Պետք չէ փորձել մարդուն արհեստական ուրախացնել կամ խորհուրդներ տալ, նույնիսկ եթե Ձեր կարծիքով արդեն ժամանակն է առաջ շարժվելու: Համբերությու՛ն ունեցեք, մի՛ պարտադրեք ու մի՛ շտապեցրեք ապաքինումը:


Մեզանից յուրաքանչյուրն էլ ուզում է օգտակար լինել և աջակցել այն մարդկանց, ովքեր մեր կարիքն ունեն: Թեև ոչ մեկս կատարյալ չենք, մենք կարող ենք սովորել ու իմաստություն ձեռք բերել՝ ճիշտ պահին ճիշտ քայլը անելու համար:

 

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:


Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :) Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը հնչի և իր պատասխանը ստանա ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:


Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page