top of page
Search
  • Kaizen Mastery

Ի՞նչ մասնագիտություն ընտրել, երբ շատ հոբբիներ ունես

Մասնագիտական կողմնորոշում


ԿայզենTV-ում կրկին «ՀարցուՊատասխան» շարքի հերթական թողարկումն է, որի ընթացքում քոուչ Արևիկ Հայրապետյանը պատասխանում է ԿայզենTV-ի հետևորդների հետաքրքիր հարցերին:

Այսպիսով, այսօրվա հարցը մեզ է ուղարկել Աննան՝

«Սիրելի՛ Արևիկ, վաղուց արդեն հետևում եմ ԿայզենTV-ին և շնորհակալ եմ նման մեծ ու կարևոր աշխատանք անելու համար: Գրում եմ Ձեզ, քանի որ չեմ կարողանում կողմնորոշվել այն հարցում, թե որը պիտի լինի հաջորդ քայլս կարիերայում: Խնդիրն այն, որ ես շա~տ հետաքրքրություններ ունեմ ու վերջին շրջանում իրարից շատ տարբեր աշխատանքներ եմ փորձել՝ ինտերնետ մարկետինգ, միջոցառումների կազմակերպում ու նույնիսկ մի քանի ամիս սալսայի ուսուցիչ եմ եղել, իսկ վերջերս սկսել եմ խոհարարության դասերի հաճախել: Միևնույն ժամանակ շատ եմ լսում այն կարծիքը, որ պետք է կենտրոնանալ մեկ բանի վրա, այլապես հաջողության չես հասնի ոչ մի բնագավառում: Ինձ շատ հետաքրքիր է Ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ: Շնորհակալ եմ: Աննա Մոսկվայից»:

Ի պատասխան Աննայի հարցին՝ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում է հետևյալ խորհուրդները:

Կարիերա. ի՞նչ որոշում կայացնել


Սեփական կարիերայի հաջորդ քայլի վերաբերյալ հստակ որոշում կայացնելը այնքան էլ հեշտ գործ չէ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր շատ հոբբիներ կամ հետաքրքրություններ ունեն:

Որպեսզի յուրաքանչյուր անհատ այս հարցում կատարի իր համար ճիշտ որոշում, կարևոր է պատասխան գտնել հետևյալ հարցին.

«Ի՞նչ է ինձ համար նշանակում ապրել լիարժեք կյանքով»:

Այս հարցը կարևոր է, քանի որ երկու տարբեր մարդկանց համար լիարժեք կյանքի բաղադրիչները իրարից միանգամայն տարբեր են: Կան մարդիկ, ում համար կարևորագույն արժեք է մաքսիմալ կատարելագործվել իրենց ընտրած մասնագիտության մեջ, լիովին նվիրվել այդ մեկ գործին:


Արևիկ Հայրապետյանը քոուչինգի մասին

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը նշում է, որ ինքը հենց նման մարդկանցից է:

«Կարծում եմ՝ բնական է, որ այսքան նվիրված լինելով քոուչինգին՝ ես գիտակցաբար որոշում եմ կայացրել մի կողմ թողնել շատ այլ զբաղմունքներ, որոնք միգուցե հետաքրքիր են, բայց ոչ մի կերպ չեն նպաստում իմ՝ որպես քոուչի կատարելագործմանը:

Չէ՞ որ մենք բոլորս օրվա մեջ ունենք ընդամենը 24 ժամ, ու եթե ես իմ ժամանակն ու էներգիան բաշխեմ տարբեր զբաղմունքների միջև, ապա ես շատ քիչ ժամանակ կունենամ քոուչինգի մեջ կատարելագործվելու համար»:

Բայց սա մեդալի միայն մի կողմն է: Կարևոր է անդրադառնալ մեդալի մյուս կողմին ևս: Չէ՞ որ մարդիկ տարբեր են, ու կան մարդիկ, ում համար այդքան էլ կարևոր չէ կատարելագործվել մի բնագավառում և ռեալիզացնել իրենց ամբողջ ներուժը այդտեղ:


Տարբեր մասնագիտություններ բացահայտել

Կան մարդիկ, ովքեր իրենց առավել երջանիկ են զգում ոչ թե ինչ-որ ոլորտի մեջ խորանալով, այլ միանգամայն տարբեր մասնագիտություններ բացահայտելով՝ ամեն տեղից վերցնելով միայն մակերեսայինը, քանի որ չեն ցանկանում հրաժարվել իրենց հետաքրքրություններից և ոչ մեկից, և հենց նման ապրելակերպն է իրենց երջանիկ դարձնում:

Կարևոր է հասկանալ, որ այս մոտեցումներից ոչ մեկը մյուսից գերակա չէ: Պարզապես պետք է վստահ լինեք, որ ամեն նոր հետաքրքրության հետևից գնալը Ձեզ համար պարզապես պատրվակ ու փախուստի միջոց չէ:

Կատարելագործվել և հասնել հաջողության


Ցանկացած մասնագիտության մեջ կատարելագործվելը և հաջողության հասնելը պահանջում է ժամանակ, պահանջում է քրտնաջան աշխատանք և նվիրում: Բնական է, որ մի մասնագիտությունից մյուսը ցատկելով՝ Դուք Ձեզ չեք տալիս բավականաչափ ժամանակ Ձեր հմտությունները զարգացնելու համար:

Անկախ նրանից՝ որքան հետաքրքիր է թվում այս կամ այն մասնագիտությունը ամենասկզբում, մեկ է, պետք է պատրաստ լինեք, որ որոշ ժամանակ անց Դուք անխուսափելիորեն հայտնվելու եք այսպես կոչված փոսիկի մեջ:


Աշխատանքի մոտիվացիան կարող է փոխվել

Սա այն փուլն է, երբ Ձեր սկզբնական մոտիվացիան մարել է, և Դուք սկսում եք բախվել որոշակի դժվարությունների, Ձեզնից ամենօրյա քրտնաջան, երբեմն ձանձրալի, երբեմն միապաղաղ աշխատանք է պահանջվում Ձեր հմտությունները զարգացնելու համար:

Ու շատ մարդկանց համար այս փոսիկի փուլը ճակատագրական է դառնում. նրանք որոշում են, որ տվյալ մասնագիտությունը իրենց համար չէ ու, որպես կանոն, ժամանակից շուտ հանձնվում են: Նրանք սկսում են լրիվ մեկ այլ մասնագիտության դուռը թակել, բայց արի ու տես, որ այս նույն ցիկլը կրկնվում է:

Բայց եթե չհանձնվեք, այլ շարունակեք աշխատել Ձեր հմտությունները զարգացնելու ուղղությամբ, Դուք ժամանակի ընթացքում դուրս կգաք այդ փոսիկից ու շա՜տ մեծ արդյունքների կհասնեք:

Ամենակարևորը, ականջալու՛ր եղեք Ձեր ներքին ձայնին, և այն կօգնի Ձեզ կայացնել Ձեզ համար ճիշտ որոշումը:

 

Կայզեն TV-ի մասին

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page