top of page
Search
  • Kaizen Mastery

Ինչպե՞ս դադարել քննադատել ինքդ քեզ, երբ սխալվում կամ ձախողում ես. 5 պարզ քայլ

Ինքնաքննադատություն և մեղքի զգացում


ԿայզենTV-ում այսօր «ՀարցուՊատասխան» շարքի հերթական թողարկումն է, որի ընթացքում քոուչ Արևիկ Հայրապետյանը պատասխանում է ԿայզենTV-ի հետևորդների հետաքրքիր հարցերին:

Այսօրվա հարցը մեզ է ուղարկել Ասյան՝

«Արևիկ, ես շարունակական կատարելագործման, ինքնազարգացման մեծ ջատագովն եմ: Հաճախ երբ չափից շատ եմ վերլուծում ինքս ինձ ու իմ վարքագիծը, սկսում եմ նաև չափից քննադատաբար վերաբերվել ինքս ինձ: Ի՞նչ խորհուրդ կտաք բալանսը պահելու ու ինքս իմ նկատմամբ չափից պահանջկոտ չլինելու համար»:


Կան դեպքեր, երբ ինքնաքննադատությունը, ինքներս մեր առջև հաշվետու լինելը իսկապես կարևոր դեր է խաղում և օգնում է փոքրացնել այն անջրպետը, որ կա մեր լավագույն «ես»-ի և մեր իրական «ես»-ի միջև:

Բայց շատ կարևոր է նաև, որ այնքան գիտակից լինենք, որ թույլ չտանք, որ առողջ ինքնաքննադատությունը վերածվի ինքնախարազանման:


Առողջ ինքնագնահատական

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանն առաջարկում է Ձեզ 5 խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ունենալ բարձր ստանդարտներ, շարունակաբար ինքնակատարելագործվել, միևնույն ժամանակ առողջ մոտեցում ցուցաբերել Ձեր սխալների նկատմամբ և ըմբռնումով մոտենալ ինքներդ Ձեր նկատմամբ, երբ գիտակցում եք, որ շեղվել եք Ձեր ճանապարհից:

Ինքնաճանաչում


Խորհուրդ 1-ին՝ Ամեն անգամ, երբ բռնացնում եք Ձեզ ինչ-որ սխալի վրա, մի պահ խորը շունչ քաշեք ու ներքուստ հպարտացեք Ձեզանով: Չէ՞ որ այն փաստը, որ Դուք իրազեկ եք Ձեր արած սխալի մասին, արդեն իսկ ապացուցում է, որ Դուք գիտակից անհատ եք:

Այո՛, ինքնաճանաչումը, առավել գիտակից կյանքով ապրելը անխուսափելիորեն բերում է նրան, որ մենք սկսում ենք շարունակաբար առերեսվել մեր թերություններին, մեր բացթողումներին, առավել լավ, քան երբևէ մենք սկսում ենք տեսնել մեր հռչակած արժեքների և մեր դրսևորած վարքագծի անհամապատասխանությունը:

Ոչ այնքան գիտակից մարդը կարող է բամբասել, ու դա նրա համար լրիվ նորմալ վարքագիծ է: Մինչդեռ, երբ գիտակից մարդը, բռնացնում է ինքն իրեն բամբասելու վրա, ապա նա միանգամից հետ է կանգնում նման վարքագծից ու ձգտում է ամեն բան անել հաջորդ անգամ նույնը չկրկնելու համար:

Պերֆեկցիոնիզմ


Խորհուրդ 2-րդ՝ Հիշե՛ք, որ այս աշխարհում ոչ մեկը կատարյալ չէ. ամեն մարդ ունի իր թերությունները, իր ներքին պայքարն ու դժվարությունները: Բոլոր մարդիկ էլ սխալներ են թույլ տալիս ու բոլորն էլ ժամանակ առ ժամանակ չեն վարվում այնպես, ինչպես կցանկանային վարվել:

Եթե Դուք այնպիսի մարդ եք, ով ձգտում է ինքնազարգացման, կարևոր է գիտակցել, որ մենք ենք մեր ամենամեծ քննադատները ու մենք ունենք չափազանցնելու հատկություն: Հաճախ մենք համեմատում ենք մեզ այլ մարդկանց հետ, և դա գրեթե երբեք մեր օգտին չի լինում:

Մենք հակված ենք իդեալականացնել այլ մարդկանց, իսկ երբ հերթը հասնում է մեզ, մենք հակված ենք նկատել միմիայն մեր թերությունները, մեզ երբեմն նույնիսկ կարող է թվալ, որ մենք ամենավատն ենք, ամենածույլն ենք, ամենաանինքնավստահն ենք, ամենաանարժանն ենք՝ մյուս մարդկային էակների հետ համեմատած:

Պետք չէ մտածել, որ Ձեզ հետ ինչ-որ բան այն չէ, երբ Դուք սխալներ եք թույլ տալիս: Ձեզ հետ ամեն բան նորմալ է, Դուք մարդկային էակ եք, և Ձեր ունեցած ցանկացած էմոցիա և արած ցանկացած քայլ մարդկային է, պարզապես պետք է հասկանաք, թե այդ էմոցիաներից որոնք են օգնում Ձեզ առաջ շարժվել կյանքում, իսկ որոնք են Ձեզ հետ տանում:

Հիշե՛ք, որ Ձեր արած ոչ մի սխալ ճակատագրական չէ ու դատապարտելի չէ, քանի դեռ Դուք պատրաստակամ եք սովորել Ձեր արած սխալ քայլերից ու հաջորդ անգամ նույն իրավիճակում վարվել այնպես, ինչպես կցանկանայիք վարվել:

Ինքդ քեզ ներելու մասին


Խորհուրդ 3-րդ՝ Կարևոր է ձգտել ապրել մեր արժեքներին ու խոստումներին համահունչ, բայց հավատացեք՝ նույնքան կարևոր է, որ սովորենք ներել ինքներս մեզ ամեն անգամ, երբ մեզ մոտ չի ստացվում անել դա:

Ինքներս մեզ ներելը կարևոր է՝ ոչ թե մեր արած սխալների պատասխանատվությունից փախչելու կամ ինքներս մեզ արդարացնելու նպատակով, այլ զուտ այն պատճառով, որ ինքներս մեզ քննադատելիս, ինքներս մեզ դատապարտելիս՝ հաճախ մենք հակված ենք ևս մեկ անգամ անել այն, ինչի համար մեզ քննադատել էինք:

Խորհուրդ 4-րդ՝ Ինքնախարազանման շրջապտույտից դուրս գալու մեկ այլ միջոց է այն, որ պարզապես պատկերացնեք, որ Ձեր ընկերը կամ Ձեր սիրելի որևէ մարդ անում է այն, ինչի համար Դուք այդքան քննադատում եք Ձեզ:

Մի պահ դրե՛ք Ձեզ Ձեր ընկերոջ տեղը, ով ինչ-որ դժվար փուլում է կյանքի կամ ով ոչ մի բանի տրամադրություն չունի կամ ով տապալել է կարևոր նախագիծ աշխատանքի վայրում:

Ինչպե՞ս կվարվեիք Ձեր ընկերոջ հետ նման իրավիճակում, ի՞նչ կասեիք նրան: Դուք նրան հաստատ առավոտից երեկո չէիք քննադատի ու մեղադրի, ինչպես հավանաբար անում եք ինքներդ Ձեր նկատմամբ: Նման պարագայում Դուք միանգամայն ըմբռնումով կմոտենայիք Ձեր ընկերոջը, կհասկանայիք նրան, լավ ու բարի խորհուրդներ կտայիք, Դուք ուղղակի կօգնեիք նրան՝ պարզապես նրա կողքին լինելով: Նույնքան ըմբռնումով վերաբերվե՛ք ինքներդ Ձեզ ամեն անգամ, երբ սխալվում եք:


Ձեր անձնային որակները

Խորհուրդ 5-րդ՝ Գրի՛ առեք Ձեր դրական որակներն ու արժանիքները. չէ՞ որ ինքնաքննադատության հորձանուտի մեջ մենք հաճախ մոռանում ենք մեր արժանիքների ու դրական որակների մասին ու եթե զգույշ չլինենք ու ժամանակին կանգ չառնենք, մեր ինքնաքննադատությունը կարող է հասցնել նրան, որ մենք զգանք մեզ աշխարհի ամենաանարժան էակը:

Մինչդեռ, երբ թղթի վրա տեսնում եք գրված Ձեր արժանիքները, այն որակները, որոնց համար իսկապես հպարտ եք, դրա շնորհիվ սկսում եք գիտակցել, որ Ձեր արած սխալներն ու ցուցաբերած թերությունները չէ, որ միայն բնորոշում են Ձեզ, Դուք ավելի եք, քան Ձեր սխալները: Այս փոքրիկ վարժության շնորհիվ Դուք կսկսեք ավելի ինքնավստահ դառնալ, ավելի շատ սիրել ու գնահատել ինքներդ Ձեզ:

Միշտ հիշե՛ք, թե ինչքան կարևոր բաներ ունեք անելու Ձեր կյանքում, ու այդ ամենը անելու համար Դուք ինքներդ Ձեր կարիքը ունեք: Եթե անընդհատ դատապարտեք Ձեզ ու չափից խիստ լինեք Ձեր նկատմամբ, Դուք պարզապես թույլ չեք տա Ձեզ առաջ շարժվել կյանքում:

 

Կայզեն TV-ի մասին

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Եվ եթե ուզում եք, որ Ձեր հարցը նույնպես հնչի ԿայզենTV-ի եթերում, ապա ուղարկեք մեզ Ձեր հարցերը նամակի տեսքով Kaizen Mastery ֆեյսբուքյան էջին:

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments
bottom of page